«Գրական Երևան » նախագիծ Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան.

«Լեզուս բաց ա էլել»

«Գրական Երևանը» սկսենք բացահայտել բարձունքից` Քանաքեռից, որտեղ ավելի քան երկու դար առաջ ծնվեց գրող, մանկավարժ, լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը։ Նրա մասին խոսելիս հաճախ ենք օգտագործում «առաջինը» բառը. առաջինը օգտագործեց աշխարհաբարը որպես գրական լեզու, եղավ հայ ազգագրության և բանագիտության սկզբնավորողներից մեկը, ավելին` ոչ միայն հավաքեց բանահյուսական տեքստերը, այլև

թարգմանեց`դրանք հասանելի դարձնելով եվրոպացի ուսումնասիրողներին, ստեղծեց ռուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը։ Իսկ նրա և Դորպատի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս, ճանապարհորդ և հետազոտող Ֆրիդրիխ Պարրոտի վերելքը Արարատ լեռը շրջադարձային եղավ, քանի որ դա առաջին դեպքն էր համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ, որ վերելքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին հայերեն գլոբուսը ևս կազմել է Աբովյանը։

Համալսարանական տարիների պատկերն են ստեղծում ուսանող Աբովյանի գրասեղանն ու աթոռները, որոնք հատուկ թանգարանի համար բերվել են Դորպատից։ Էստոնիայից է բերվել նաև արդեն հիշատակված

հայերեն առաջին գլոբուսը։ Այստեղ հնարավոր է տեսնել անգամ Աբովյանին Դորպատում ուսանելիս, սակայն ոչ թե անզեն աչքով, այլ՝ մանրադիտակով. բրնձի հատիկի վրա նրան պատկերել է հայտնի մանրաքանդակագործ Էդվարդ Ղազարյանը։

Ի դեպ, Երևանում թանգարան ունեցող գրողներից Աբովյանը միակն է, ով այստեղ ունի պապական տուն։ Եվ թանգարանն էլ կառուցվել է հենց այդ` Աբովյանների տոհմատան վրա` ասես պաշտպանելով հին տունը։

Տոհմատունը, բաղկացած թոնրատից, մառանից, հյուրասենյակից և պատշգամբից, ձևավորված է այնպես, ինչպես հեռավոր 1805 թվականին, երբ այստեղ ծնվեց Աբովյանը։ Տոհմատանն է նաև այն օրորոցը, որի միջից աշխարհին է նայել մանուկ Խաչատուրը։

«Աբովյանից միայն մեկ նկար է պահպանվել. նրան նկարել է գերմանացի գեղանկարիչ Լյուդվիգ ֆոն Մայդելը։ Հետագայում Աբովյանի որդի Վարդանը խնդրել է անվանի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին`

վերականգնել նկարը, քանի որ այն անխնամ վիճակում էր, և հետագայում այդ գեղանկարից է արվել Աբովյանի լուսանկարը»,— «Ժամ»-ին պատմեց թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը։

Ցուցադրված են նաև բազմաթիվ ձեռագրեր, Արարատ բարձրանալիս արված գրառումները, փաստաթղթեր, հնատիպ տպագրության գրքեր, մի խոսքով` այն ամենը, ինչ կապված է Աբովյանի և նրա ապրած ժամանակի հետ։

 

Աղբյուրը՝ «Ժամ» ամսագրից։

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s