Միավ֊Ձիահ

 

Իմունային համակարգը դա մարդու օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներից մեկն է, որը օգնում է օրգանիզմին պայքարելու զանազան վիրուսների կամ հիվանդությունների այնտեղ ներթափանցումից և զարգացումից։ Եթե իմունային համակարգը անբավարար է աշխատում, ապա մարդը կարող է հիվանդանալ նույնիսկ այնպիսի վարակներից, որոնցով առողջ մարդը չի հիվանդանա։
ՄԻԱՎ :: HIV :: ВИЧ (Մարդու Իմունային Անբավարարության Վիրուս) ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման։

ՁԻԱՀ :: AIDS :: СПИД (Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշ) զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:

Ո՞րն է տարբերությունը ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի միջև

ՄԻԱՎ վարակը երկարատը ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակակրի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

Ինչպե՞ս է ՄԻԱՎ վարակակրությունն անցնում ՁԻԱՀ-ի փուլին

ՄԻԱՎ-ը ախտահարում է իմունային համակարգի կարևոր բջիջները՝ CD4 լիմֆոցիտները: Դա տեղի է ունենում տարիների ընթացքում և ավարտվում է իմունային անբավարարությամբ, այսինքն՝ իմունային համակարգն այլևս չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել որևիցե հիվանդության դեմ: ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, որոնց առողջությունն ի սկզբանե եղել է թույլ: ՁԻԱՀ-ի զարգացումն արագանում է վնասակար ազդակների՝ թմրամիջոցների օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, ծխելու, վատ սնվելու, սթրեսների հետևանքով: Վնասված և թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, որոնք չեն հանդիպում առողջ իմունային համակարգ ունեցողների մոտ: ՁԻԱՀ-ը բնորոշվում է պայմանական ախտածին մանրէներով (սրանք նորմալ իմունիտետի պայմաններում հիվանդություներ չեն առաջացնում) պայմանավորված վարակների, չարորակ նորագոյացությունների առկայությամբ, նաև արյան մեջ CD4 բջիջների քանակի նվազումով մինչև 200 բջիջ 1մմ3 արյան մեջ (CD4 բջիջների նորմալ քանակությունը 1մմ3 արյան մեջ 800-1200 է):

Ինչպե՞ս է արտահայտվում ՄԻԱՎ վարակը

Սկզբնական շրջանում ՄԻԱՎ վարակակիր մարդն իրեն առողջ է զգում: Այդպիսի վիճակը կարող է շարունակվել 7-15 տարի: Այդ ժամանակահատվածում ՄԻԱՎ վարակն արտաքնապես որևէ կերպ չի արտահայտվում, սակայն մարդու իմունային համակարգը, վարակման պահից սկսած պայքարում է վիրուսի դեմ` արտադրելով յուրահատուկ հակավիրուսային հակամարմիններ: Իմունային համակարգի և վիրուսի միջև պայքարը շարունակվում է մինչև այն փուլը, երբ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները թուլանում են, և սկսվում է ՁԻԱՀ-ը: Չնայած առողջ տեսքին` ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է փոխանցել վիրուսն այլ մարդկանց: Իր ողջ կյանքի ընթացքում նա մնում է վարակակիր, իսկ ՄԻԱՎ վարակը, ի վերջո, հանգեցնում է ՁԻԱՀ-ի: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման միակ եղանակը ՄԻԱՎ-ի նկատմամբ արյան հետազոտությունն է:

Ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը

Վիրուսը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով:
Այդ հեղուկներն են՝
արյունը
սերմնահեղուկը
հեշտոցային արտազատուկները
մայրական կաթը:
Դա նշանակում է , որ կարելի է վարակվել ՝
առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ
չախտազերծված ներարկիչների և ասեղների օգտագործման ժամանակ
վերքերի, խոցերի, լորձաթաղանթների միջոցով օրգանիզմ արյան ներթափանցման ժամանակ, արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ
վարակակիր մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և մայրական կաթով կերակրելիս:
Ինչպե՞ս չի փոխանցվում ՄԻԱՎ-ը

ՄԻԱՎ-ով վարակումն անհնարին է՝
ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու միջոցով
հազի կամ փռշտոցի միջոցով
հեռախոսից օգտվելիս
ՁԻԱՀ-ով հիվանդին այցելելիս և խնամելիս
միջատների խայթոցի միջոցով
հասարակական զուգարանից օգտվելիս
սննդի միջոցով
ընդհանուր ամանեղենից օգտվելիս
լողավազանում, բաղնիքում կամ վաննայում լողանալիս
հագուստի և սպիտակեղենի միջոցով:
Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը

Դրա համար անհրաժեշտ է.
պատահական սեռական հարաբերությունների ժամանակ միշտ օգտագործել պահպանակ
խուսափել թմրամիջոցների ներարկային օգտագործումից
օգտագործել անհատական ներարկիչներ և ասեղներ
սեռավարակների կասկածի դեպքում ժամանակին դիմել մասնագետ բժշկին:
Ինչո՞ւ է կարևոր սեռավարակների ժամանակին կանխարգելումն ու բուժումը

Գոնորեայով, սիֆիլիսով, խլամիդիոզով կամ այլ սեռավարակով հիվանդ մարդը բազմաթիվ անգամն եր ավելի է ենթակա ՄԻԱՎ-ով վարակման վտանգին, քան առողջ մարդը: Այդ պատճառով չափազանց կարևոր է մասնագետին ժամանակին դիմելը և համապատասխան բուժում ստանալը:

Կա՞ դեղամիջոց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ

Ցավոք, առայսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժման դեղամիջոց չկա: Ներկայումս գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են միայն դանդաղեցնել ՄԻԱՎ վարակի անցումը ՁԻԱՀ-ի փուլին, երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը և բարելավել կյանքի որակը: Այդ պատճառով էլ կանխարգելումն ունի կարևոր նշանակություն: Չվարակվելու նախապայմանն անվտանգ վարքագիծ ունենալն է:
Ի՞նչ անել , եթե կարծում եք, որ վարակված եք ՄԻԱՎ-ով

Եթե կարծում եք, որ վարակված եք ՄԻԱՎ-ով, մի խուսափեք հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ: Դուք կարող եք հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատությունում: Հետազոտության արդյունքը հայտնվում է միայն Ձեզ, նաև երաշխավորվում է հետազոտության լիակատար գաղտնիությունը: Հետազոտվել կարելի է նաև անանուն: Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ «Վստահության հեռախոսի» միջոցով ևս: ՁԻԱՀ-ին, անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանը և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել, առանց ներկայանալու՝ դիմել իրեն հուզող հարցով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն:

«Վստահության հեռախոս»` 61-08-20, ամեն օր, բացի կիրակի և տոնական օրերից, ժ. 0900-2100:

Ինչու ՞ հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունն անհրաժեշտ է, որպեսզի ճշտեք Ձեր առողջական կարգավիճակը և ըստ դրա պլանավորեք Ձեր հետագա գործողությունները:
Այսինքն՝
ժամանակին սկսեք հատուկ դեղամիջոցների օգտագործումը՝ կանխելով ՁԻԱՀ-ի զարգացումը
լինեք ավելի ուշադիր սեփական առողջության նկատմամբ, քանի որ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում ցանկացած հիվանդություն ընթանում է ավելի ծանր և պահանջում է հատուկ բուժում
չվարակեք Ձեր հարազատ և սիրելի մարդկանց:

Ի՞նչ է ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ժամանակ հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից ՄԻԱՎ-ի նկատմամբ արտադրված յուրահատուկ հակամարմինները: Հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական պատասխան. այսինքն` հետազոտվողի արյան շիճուկում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Դա վկայում է այն մասին, որ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով:
Բացասական պատասխան. այսինքն` հետազոտվողի արյան շիճուկում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել, ինչը կարող է լինել, երբ.
մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով
մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, սակայն օրգանիզմում դեռևս չեն արտադրվել վիրուսի նկատմամբ հակամարմիններ («պատուհանի շրջան»)
մարդը գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:
ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն այլևս ենթակա չէ վարակման վտանգին:

Ի՞նչ է նշանակում «պատուհանի շրջան»

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է արյան մեջ, իմունային համակարգի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Այդ հակամարմինն երի արտադրման համար օրգանիզմին անհրաժեշտ է 2 շաբաթից մինչև 3 ամիս, իսկ երբեմն մինչև 1 տարի ժամանակահատված: Այն շրջանը, երբ վիրուսն արդեն առկա է, սակայն հակամարմիններ դեռևս չեն արտադրվել, կոչվում է
«պատուհանի շրջան»: Արդեն «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ վարակակիրը կարող է ՄԻԱՎ-ը փոխանցել ուրիշներին, չնայած այս փուլում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը լինում է բացասական:

Ովքե՞ր են ՄԻԱՎ վարակակիրները

ՄԻԱՎ վարակակիրները մարդիկ են, ովքեր ոչ միայն առողջական խնդիրներ ունեն, այլև շատ հաճախ հայտնվում են ծանր հոգեբանական վիճակներում: Ահա թե ինչու նրանք կարիք ունեն ոչ միայն բժշկական օգնության, խնամքի, այլ նաև հարազատ և մտերիմ մարդկանց կարեկցանքի: ՄԻԱՎ-ով վարակված մարդու հետ շփումը վտանգավոր չէ, եթե բացառվեն առանց պահպանակի սեռական հարաբերությունները և միևնույն ներարկիչով թմրամիջոցների ներարկումը: Այսօր աշխարհում ապրում է ավելի քան 40մլն ՄԻԱՎ-ով վարակված մարդ: 2005թ. հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 382 ՄԻԱՎ վարակակիրներ: Սակայն դա սառցաբեկորի միայն տեսանելի մասն է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ վարակակիրների իրական թիվը 10-15 անգամ գերազանցում է գրանցվածների թվին: Դա պայմանավորված է ամենից առաջ ՄԻԱՎ վարակակրության երկարատև (7-15 տարի) անախտանշան փուլով, երբ վարակակիրները հիվանդության արտաքին նշաններ չեն ունենում և հետազոտության չեն դիմում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s