Ինչպես խնամել համակարգիչը

pclastlonger_primary-100258203-large

Դժվար է պատկերացնել համակարգչից չօգտվող ժամանակակից մարդու: Համակարգչից օգտվում ենք կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ հանգստի ու աշխատանքի, ինքնակրթության ու ինքնազարգացման, շփման ու տեղեկատվության որոնման:

 

Սակայն անհրաժեշտ ուշադրություն չենք հատկացնում համակարգչի խնամքին: Բայց չէ՞ որ ամեն օր գործածվող սարքի խնամքը պահանջում է որոշակի կանոնների պահպանում:

Տեղափոխություն
Կտրականապես արգելվում է համակարգիչը միացրած վիճակում տեղափոխելը, այդ դեպքում հնարավոր է կրիչների վրա պարունակվող ամբողջ տեղեկատվության կորուստ: Իհարկե այս կանոնը տարածվում է միայն սեղանի համակարգիչների վրա, իսկ նոթբուքը (շարժական համակարգիչը) միացրած վիճակում տեղափոխելիս բավական է խուսափել կտրուկ շարժումներից:

Ցանցից համակարգչի անջատումը
Խորհուրդ է տրվում համակարգիչը ցանցից չանջատել, եթե դա հույժ անհրաժեշտ չէ: Մանավանդ եթե ընդմիջումը կարճատև է լինելու: Համակարգչի անջատումից հետո մինչև հաջորդ միացումը պետք է առնվազն կես րոպե անցնի: Դա բացատրվում է նրանով, որ համակարգչի մասերում (սնուցման աղբյուր և այլն) միացման ու անջատման ժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում, և հաճախակի անջատել-միացնելը բացասաբար է անդրադառնում նրա ընդհանուր վիճակի վրա:

Սնուցման անխափան սարքի գործածումը
Համակարգչին սնուցման անխափան աղբյուր միացնելով՝ այն պաշտպանում ենք հոսանքի լարման փոփոխություններից, մեծ ծանրաբեռնվածությունից, ցանցի անսպասելի հոսանքազրկումից: Սնուցման նման աղբյուր օգտագործելով՝ ոչ միայն կերկարացնենք համակարգչի առանձին մասերի կյանքն ու կպահպանենք դրանում ամփոփված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի անվտանգությունը, այլև դրամապանակը կապահովագրենք չկանխատեսված ծախսերից:

Օդափոխություն 
Համակարգային բլոկի և մոնիտորի բոլոր օդափոխիչ անցքերը պետք է բաց լինեն: Դրանց դիրքը պետք է այնպիսին լինի, որ օդի մուտքը չսահմանափակվի:

Վնասվածքների կանխարգելումը 
Համակարգիչը և նրա առանձին մասերը պաշտպանեք հեղուկից, այլապես հետևանքները կարող են այնքան լուրջ լինել՝ նույնիսկ վերանորոգումը չփրկի: Համակարգչով աշխատելիս չարժե որևէ բան ուտել, քանի որ փշրանքները կամ սննդի այլ մնացորդները կարող են այն փչացնել: Ընդհանրապես չարժե համակարգչի վրա կողմնակի առարկա դնել՝ այդ թվում՝ տպիչ:
Տարատեսակ վնասվածքների հանդեպ հատկապես զգայուն է մոնիտորի էկրանը: Նույնիսկ ամենաանշան խազերը դրա վրա երևում են: Մոնիտորը սրբելու համար սպիրտ կամ համանման նյութեր պարունակող միջոցներ մի օգտագործեք, մոնիտորը կոշտ կտորով կամ սպունգով մի մաքրեք:

Մոնիտորի տեղադրումը 
Հետևեք, որ մոնիտորի էկրանին վառ լույս չընկնի՝ ոչ արևի ուղիղ ճառագայթներ, ոչ արհեստական լույս: Եթե էկրանը չափից ավելի է լուսավորված՝ ստիպված եք կարգավորել այն՝ դարձնելով ավելի համաչափ: Վառ լույսը կճատում է մոնիտորի շահագործման ժամկետը, բացասաբար անդրադառնում տեսողության վրա: Մոնիտորը չարժե ջերմության աղբյուրների մոտ տեղադրել (օրինակ տաքացուցիչների):

Պայքար փոշու դեմ 
Շաբաթական մեկ-երկու անգամ համակարգչի բոլոր մասերից (մոնիտոր, կորպուս, բլոկ, տպիչ և այլն) փոշին մաքրեք: Օգտագործեք միայն համակարգչային տեխնիկայի խնամքի համար նախատեսված միջոցները՝ միկրոֆիբրայից պատրաստված կտոր, հատուկ անձեռոցիկներ և հեղուկ: Մեծ քանակությամբ փոշի է կուտակվում համակարգային բլոկի կորպուսում, ինչը կրճատում է դրա առանձին մասերի կյանքը ու կարող է աշխատանքի խափանումների պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում ամեն տարի ամբողջությամբ քանդել համակարգային բլոկը ու բոլոր մասերը մաքրել: Այս գործը կարելի է անել սեփական ուժերով: Բայց նախընտրելի է դիմել հատուկ ծառայությունների օգնությանը: Եվ իհարկե պարբերաբար մաքրեք այն սենյակի փոշին, որտեղ տեղադրված է համակարգիչը: Կանոնավորապես խոնավ շորով մաքրություն արեք, հնարավորության դեպքում օգտագործեք օդի խոնավացուցիչ (ի դեպ գոյություն ունեն հատուկ USB խոնավացուցիչներ` նախատեսված այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց): Դրանց ազդեցությունը դրական է ոչ միայն համակարգչի, այլև ձեր առողջության համար:

Ստեղնաշարի խնամքը
Ստեղնաշարը համակարգչի ամենաշահագործվող մասն է: Հավանաբար բոլորդ էլ լսել եք այն մասին, որ մեկ համակարգչի ստեղնաշարի վրա այնքան մանրէ կա, որքան զուգարանակոնքի հարյուրավոր եզրերի վրա: Ճիշտ է, թե ոչ՝ չենք կարող ասել, բայց ստեղնաշարի խնամքի կանոնները կարող ենք ներկայացնել ձեր ուշադրությանը:

Ստեղնաշարը պետք է ամեն օր մաքրել փափուկ, խոնավ շորով: Ստեղնաշարի վրայից կեղտը հեռացնեու նպատակով կարելի է փոշեկուլ օգտագործել: Դրա համար կարող եք այն շրջել ու փոշեկուլով մաքրել: Համակարգչի ճիշտ ու կանոնավոր խնամքը երաշխավորում է դրա երկարատև աշխատանքը, պաշտպանում տարատեսակ վնասվածքներից, տնտեսում փողն ու ձեր նյարդերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s