Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին:
Այսինքն, ամենայն հավանականությամբ, ճարտարապետ Վասիլի Միրզոյանը 19-րդ դարավերջին փայլուն կերպով նախագծել և վերակառուցել է 1884 թվականից կամ գուցեև ավելի վաղ տարիներից կանգուն այս շենքը: Նշենք, որ մի փոքր անհամապատասխանություն կա նաև Եղիազարյան եղբայրների շենքերի հասցեների մեջ, որի վրա մեր ուշադրությունը հրավիրեցին մասնագետները: Այժմ այդ երկու շենքներն էլ ներկայացվում են որպես Աբովյան 8 հասցեում գտնվող շինություններ, սակայն ստույգ է, որ «Նոյյան Տապանի» շենքի հասցեն նախկինում միշտ նշվել է որպես Աբովյան 6:
Հնդեվրոպական հեռագրային կապուղին անցկացվեց ռեկորդային կարճ ժամկետներում՝ 1868-1870 թթ-ին, գերմանական «Սիմենս» ֆիրմայի կողմից: Այդ կապուղու միջոցով հեռագրային կապ հաստատվեց Անգլիայի և Հնդկաստանի, ավելի ստույգ՝ Լոնդոնի և Կալկաթայի միջև: Հեռագրային գծի ճանապարհը հետևյալն էր՝ Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Օդեսսա, Կերչ, Թիֆլիս, Երևան, Նախիջևան, Թեհրան և Կալկաթա:
Խոշոր քաղաքներում կապուղու տեխնիկական սպասարկման համար հիմնվում էին հեռագրատներ, որոնք պարտադիր պետք է տեղակայվեին ապահով քարե շինություններում: Հեռագիրը հաղորդման նախնական կետից մինչև վերջին կետ, այսինքն՝ Լոնդոնից մինչև Կալկաթա, հասնում էր ընդամենը 28 րոպեում, որն այն ժամանակաշրջանի համար ռեկորդային արագություն էր: Հնդեվրոպական կապուղին աշխատեց մինչ 1931 թվականը, մոտ 60 տարի
նյութը վերցված է Ռուբեն Շուխյանի ՙ ՀԻն Երևանի կանգուն վկաները՚ հոդվածաշարից.