Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը․
Աբովյանի և Հին Երևանցու փողոցների (նախկինում՝ Աստաֆյան և Լալայանց) անկյունում է գտնվում ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության շենքը, իսկ մինչև 1923 թվականը այստեղ է տեղակայված եղել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:
Սրբատաշ սև տուֆից երկհարկանի շենքը կառուցվել է 1914-1915 թվականներին տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և նրա ճարտարապետական ժառանգության լավագույն նմուշն է համարվում: Աջակողմյա և ձախակողմյա հատվածներում երկու գմբեթներ ունեցող սլացիկ այս շինությունը եզակի է համարվում Հին Երևանից դեռևս պահպանված ճարտարապետական հուշարձանների շարքում՝ և իր ծավալատարածական յուրօրինակ լուծումներով, և իր անկրկնելի դեկորատիվ հարթաքանդակներով: Շենքի պատվիրատուն և սեփականատերը եղել է բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ավարտելով Երևանի արական գիմնազիան, Հովհաննիսյանը շարունակել է ուսումը Խարկովի և Մոսկվայի համալսարաններում՝ ստանալով բարձրագույն բժշկական կրթություն: Հետագայում վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում, Բեռլինում, Փարիզում և Մոսկվայում: 1895-ին Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) հրավերով նա վերադառնում է հայրենիք և մինչեւ 1907-ը աշխատում է որպես քաղաքային հիվանդանոցի տնօրեն: 1911-ին, թողնելով պետական աշխատանքը, Հովհաննիսյանը բացում է քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական կլինիկան` սկզբում վարձակալած տարածքում, իսկ 1915-ից այն տեղափոխվում է արդեն իր նորակառույց երկհարկանի առանձնատունը՝ ներկայիս Աբովյան 3 շենքը: Հիվանդանոցային սենյակները գտնվում էին շենքի առաջին հարկում, իսկ երկրորդ հարկը բնակելի տարածք էր հանդիսանում, որտեղ ապրում էր բժիշկը։ Հովհաննես Հովհաննիսյանի հիվանդանոցի շենքը 1923-ին պետականացվում է, որից հետո, 1923-1944 թվականներին, այս շենքում է տեղակայվում Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ, ինչպես ընդունված էր ասել, «Մալարիայի հիվանդանոցը»: ԱՕԿՍ ընկերությունը այստեղ է սկսում գործել 1944 թվականից, իսկ 1960-ականներին այս նույն շենքում գործել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը:
Աբովյան 58
Ինչպես վկայում են պատմական փաստերը, Երևանում առաջին քաղաքային ամբուլատորիան ստեղծվել էր դեռևս 1888 թվականին: Մինչ այդ, 1880-ականների սկզբին, Երևանում եռանդուն գործունեություն է սկսում ծավալել քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա ջանքերով քաղաքային գործադիր մարմնում (ուպռավա) ձևավորվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որի նախագահը հենց Տիգրանյանն է դառնում: Հանձնաժողովին հանձնարարվում է զբաղվել Երևանում սանիտարական և առողջապահական պայմանների բարելավմամբ։1893-ին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ ներկայիս Բյուզանդի փողոցի վրա գտնվող ամբուլատորիային կից ստեղծվում է ստացիոնար բաժանմունք (շենքը չի պահպանվել)՝ հենց դա է համարվում առաջին քաղաքային հիվանդանոցի հիմնադրման տարեթիվը: Շենքը փոքր էր և ուներ ընդամենը 12 մահճակալ, որոնցից 7-ը՝ տղամարդկանց, իսկ 5-ը` կանանց համար: Պարզ է, որ սա չէր կարող բավարարել քաղաքի պահանջները, և իշխանությունները որոշում են այդ նպատակի համար վարձակալել մոտակայքում գտնվող մասնավոր տները, միաժամանակ սկսելով նոր շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
1908 թվականին քաղաքի ուպռավան մամուլում հրապարակում է քաղաքային իշխանությունների մտադրության մասին՝ հիվանդանոց կառուցելու նպատակով Աստաֆյան (ներկայումս Աբովյան) փողոցի վերնամասում ձեռք բերել մի հողատարածք և հայտարարություն է տարածում քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքի նախագծի մրցույթի մասին: Դուման, ոգևորված այս և այլ բարերարների նվիրատվություններով, որոշում է 100 մահճակալով հիվանդանոց կառուցել` նախագծի համար քաղաքային բյուջեից հատկացնելով 1000 ռուբլի: Ճարտարապետի ընտրությունը կանգ է առնում Պավել Զուրաբյանի (Զուրաբով) վրա, ով արդեն հայտնի էր Թիֆլիսի Արամյանի և Զուբալովի հիվանդանոցների նախագծերով: Վերջապես, 1914 թվականին, ներկայիս Աբովյան 58 հասցեում դրվում է քաղաքային հիվանդանոցի հիմնաքարը: 1916-ի սկզբին արդեն կանգուն էր երկհարկանի հիվանդանոցի շենքը, իսկ ամռանը սկսվեցին ներքին հարդարման աշխատանքները:
1917 թվականին, երբ 1-ին աշխարհամարտը դեռևս ընթացքի մեջ էր և Երևանում տեղակայված էին կովկասյան ճակատում կռվող զորամասեր, հիվանդանոցի արդեն շահագործման պատրաստ շենքը դառնում է հոսպիտալ: 1918-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, գաղթականներով լեցուն, համաճարակներից ուժասպառ երկրում բուժհիմնարկներն առավել քան անհրաժեշտ ու կարևոր էին: Հրատապ պահանջ կար նաև բժիշկ-մասնագետների, և Հայաստանի կառավարությունը հրավիրում է հայազգի բժիշկներին՝ օգնելու իրենց նորանկախ հայրենիքին: Այդ կանչով Թիֆլիսից Երևան է ժամանում նաև բժիշկ Գրիգոր Արեշյանը: Հենց նրա օրոք և գործադրած ջանքերի շնորհիվ 1919-ին վերջապես պաշտոնապես բացվում է Երևանի 1-ին քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքը՝ այն ժամանակ դեռևս երկհարկանի, սև տուֆից սյունազարդ կառույցը:
Աբովյան 8
Աբովյան 8 շենքը կառուցվել է Երևանի բազմաթիվ բարձրարվեստ շինությունների հեղինակ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Չնայած Աբովյան 8-ի հիմնադրումը ընդունված է համարել 1880-ական թվականները, բայց փաստերը վկայում են (այդ թվում նաև Վասիլի Միրզոյանի անձնական նամակագրությունը), որ շինարարությունը վերջնականապես իր ավարտին է հասցվել և շենքն իր ներկայիս տեսքն է ստացել 1905 թվականից ոչ շուտ: Սև տուֆից, երկհարկանի, նրբաճաշակ հորինվածքով, բազմաթիվ կամարներով և զարդաքանդակներով այս շենքը իրավմամբ համարվում է այդ ժամանակաշրջանի Երևանի ամենագեղեցիկ կառույցներից մեկը և Վասիլի Միրզոյանի լավագույն ճարտարապետական նախագիծը:
Շենքը նաև պատմական մեծ արժեք է ներկայացնում: 1914 թվականից, 1-ին համաշխարհային պատերազմի հենց սկզբից, այստեղ երկրորդ հարկում սկսում է գործել Երևանի բարեգործական ընկերության կողմից հիմնված «Հայկական հիվանդանոցը»՝ 30 մահճակալով, որը նախատեսված էր ռազմաճակատի վիրավոր զինվորների համար: Այն կառավարում էր 20 հայ տիկնանցից բաղկացած կոմիտեն, իսկ հիվանդանոցի տնօրենն էր անվանի բժիշկ-վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1918-ի մայիսի վերջին հիվանդանոցն արդեն իր խնամակալության տակ է առնում Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին:
Ուշագրավ փաստ է նաև, որ այս շենքի պատերի մոտ են անցել 1919 և 1920 թվականների մայիսի 28-ին Առաջին հանրապետության անկախության տոնի առթիվ կազմակերպված համահայաստանյան պաշտոնական շքերթներն ու զորահանդեսները: Շենքի պատշգամբից և պատուհաններից այդ տոնախմբություններն են դիտել և ծափահարել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու հյուրերը: Ճակատագրի բերումով, հենց այս շենքի նույն պատշգամբից է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում հռչակվել խորհրդային կարգերի հաստատումը: 1920-1937 թվականներին շենքում գործել է Խորհրդային Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և այստեղ են աշխատել Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարները, այդ թվում՝ Աղասի Խանջյանը (1930-1936), որի վերաբերյալ շենքի պատին կա համապատասխան հուշատախտակ: Հետագայում այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981 թվականից՝ «Գիտելիք» ընկերության վարչությունը:
Աղբյուրը՝