Աբովյան 3/1
Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին կանգնած Աբովյան 3/1 երկհարկանի անկյունային շենքը արդեն իսկ ուշագրավ է նրանով, որ նրա նախագծման և շինարարության աշխատանքներին իրենց համատեղ մասնակցությունն են ունեցել 20-րդ դարասկզբի Երևանի դիմագիծը կերտողները՝ ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը:
Այս շենքում է տեղակայված եղել վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:
19-րդ դարի երկրորդ կեսից Երևանում սկսեցին կառուցվել այսպես կոչված եկամտաբեր տներ: Նրանց սեփականատերերը՝ քաղաքի ունևոր խավի ներկայացուցիչները հնարավորություն ստացան կառուցել իրենց տները հետևյալ սկզբունքով. առաջին հարկում տեղակայվում էր խանութը կամ արտադրական ձեռնարկությունը, իսկ երկրորդ (հետագայում նաև երրորդ) հարկը շենքի սեփականատիրող բնակելի հատվածն էր հանդիսանում: Այդպիսի սկզբունքով էր կառուցված նաև Գևորգ Խանզադյանի «Սաքսոնական» խանութը, որը հիմնադրվել էր դեռևս 1877 թվականին:
1896-ին Վասիլի Միրզոյանը նախագծեց և ձեռնամուխ եղավ Խանզադյանի եկամտաբեր տան նոր շենքի կառուցմանը՝ շենքի այդ հատվածը ներկայիս Աբովյան փողոցին հարող մասն է: 1905-ին արդեն Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի (Թարխանովսկայա) փողոցի և մի քանի տարի անց՝ նաև Հին Երևանցու փողոցների կողմից ավելացվեցին շինության նոր երկու թևերը: Շենքի ճարտարապետությունը բնորոշվում է հարթությունների ճշգրիտ երկրաչափական ձևերով, այն ունի լակոնիկ և զուսպ ուրվագիծ՝ առանց արտաքին զարդաքանդակների: Հետնամասի կողմից շենքն ուներ տիպիկ երևանյան բակ՝ փայտյա աստիճաններով, երկար պատշգամբով և կից փոքր այգիով:|
Ուշագրավ է 20-րդ դարի սկզբին երևանյան մամուլում տպագրված գովազդներից մեկը, որտեղ կարդում ենք հետևյալը. «Ե. Ս. Խանզադովի (Խանզադյանի) Սաքսոնական խանութ Երևանում. ֆիրման գործում է 1877 թվականից: Ռուսական և արտասահմանյան ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր: Ցանկացած ժամանակ` սեզոնային նորությունների լիակատար ընտրություն: Շաբաթ օրերին՝ մնացորդների (կտորեղենի) վաճառք: Վաճառքը՝ ֆիքսված գներով: Դրամարկղում՝ հատուկ զեղչեր»:
Ներկայումս էլ շենքը ծառայում է իր նպատակին, այստեղ տեղակայված են տարբեր խանութներ՝ հագուստի, հուշանվերների, կարպետների, գործում է նաև բացօթյա սրճարան: Մինչ հիմա էլ գեղեցիկ պատկեր է ներկայացնում խաչմերուկի վրա դուրս եկող անկյունային շքամուտքը (այժմ այստեղ հուշանվերների խանութի մուտքն է)՝ երկրորդ հարկի փակ պատշգամբով: Թերևս հենց նմանատիպի շենքերով էր նախատեսում կառուցապատել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր կողմից նախագծված Հյուսիսային պողոտան, որն ուղղված կլիներ քաղաքի հին կենտրոնի վերականգնմանը:Աբովյան (Աստաֆյան) փողոցը Երևանի անդրանիկ և գլխավոր փողոցն է հանդիսանում, մեր քաղաքի դիմագիծը, և այն ամեն գնով անհրաժեշտ է պահպանել՝ գոնե այն հին շինությունները, որոնք դեռևս կանգուն են մնացել: 17-18-րդ դարերի եվրոպական ճանապարհորդների կողմից արված Երևանի համայնապատկերները վկայում են, որ այն ժամանակվանից արդեն փողոցի ուրվագիծը առկա էր և այն բուն քաղաքի թաղամասերը Երևանի բերդին միացնող գլխավոր ուղին էր: 1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսեց քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատումը, և Երևանի առանցքը հանդիսացավ ամենաերկար՝ Ամրոցային (Կրեպոստնայա) փողոցը: 1869-ին ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի Ամրոցային փողոցը ստանում է Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը: Աստաֆյան փողոցը դառնում է Երևանի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը: Այն քաղաքի ամենաաշխույժ և մարդաշատ փողոցն էր. այստեղ էին բնակվում Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչները, այստեղ էին գտնվում բազմաթիվ խանութներ, արտադրամասեր և հյուրանոցներ: Խաչատուր Աբովյանի անունով փողոցն անվանակոչվեց 1920 թվականին, Առաջին հանրապետության օրոք:
Աբովյան 52
Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող և այժմ հիմնովին վերանորոգված սև տուֆից այս շենքը, որին երևանցիներն ասում են «համալսարանի սև շենք», արդեն 112 տարվա ուշագրավ պատմություն ունի: Այն կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով: Այժմ այստեղ են գործում Երևանի պետական համալսարանի երեք ֆակուլտետները՝ աստվածաբանության, պատմության, տնտեսագիտության և կառավարման:
1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, և ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող և այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր: Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1930-ականներին վերակառուցվել է և ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը: Բացի դասասենյակներից, սկզբնական նախագծով շենքում եղել են ուսուցչական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, ժողովների և մարմնամարզական դահլիճներ:
Երևանի ուսուցչական սեմինարիան այս շենքում գործեց մինչև 1915 թվականը: 1915-1916 թթ. այստեղ սովորում էր 117 ուսանող, որից 50-ի ուսուցումը վճարվում էր պետության կողմից: 1915-ին սեմինարիան տեղափոխվում է այլ տեղ, իսկ շենքը դառնում է զորանոց: Արդեն Առաջին հանրապետության օրոք այստեղ է տեղակայվում հայոց եղեռնից մազապուրծ երեխաների որբանոցը: Հայաստանում գտնվող այլ որբանոցների նման, 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարության և Ամերկոմի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) միջև կնքված համաձայնագրով այս որբանոցը նույնպես անցնում է Ամերկոմի խնամատարության ներքո: 1919 թվականի մայիսի 16-ին Առաջին հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին տնտեսական պայմաններին, դա կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար, և ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձևավորվի ազգային գաղափարներ կրող նոր սերունդ: Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել և դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի):Մի քանի ամիս տևած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ:Առաջին ուսումնական կիսամյակում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական և գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Ի դեպ, հենց ականավոր հայագետ և բանասեր Ստեփան Մալխասյանցն է 1920-ի փետրվարի 1-ին կարդացել առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց համալսարանում:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի 1920 թվականի դեկտեմբերի 17-ի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, համալսարանը վերանվանվում է Երևանի ժողովրդական համալսարան, իսկ 1923-ից արդեն՝ պետական համալսարան։ Վերաբացված կրթօջախի ռեկտոր է դառնում անվանի հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը, դասընթացները վերսկվում են 1921 թվականի հունվարից: 1960-ականներին համալսարանը տեղափոխվում է նորակառույց շենք՝ ներկայիս Ալեք Մանուկյանի փողոցի մասնաշենքը: «Սև շենքում» մնում է տնտեսագիտական ֆակուլտետը, որը 1975-ից դառնում է առանձին բուհ՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1995 թվականից տնտեսագիտական համալսարանը տեղափոխվում է այլ վայր, իսկ Աբովյան 52 շենքը նորից դառնում է համալսարանական մասնաշենք: