Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:

Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s