Հայաստանի առաջին հանրապետություն․

 Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: 1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:

Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:
Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:
Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:
Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 
1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվել է հաշտություն:
Լոռին հայտարարվել է չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն որևէ լուծում չի տրվել:
Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 
1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը:
Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ2-ի:
1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը: 
1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:
Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական): 
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ:
Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919 թ-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել է մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն (Ամերկոմ) մեծ օժանդակություն է ցուցաբերել երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը:
Սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան (Եգիպտոսից՝ Մելգոնյան եղբայրները, Բաքվից՝ Արշակ Ղուկասյանը, Ստավրոպոլից՝ Պոպովը, և ուրիշներ):
Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն:
ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվել է թուրք-թաթարական խռովությունը Զանգիբասարում (հետագայում՝ Մասիսի շրջան), Բեյուք-Վեդիում (Արարատի շրջան, երկուսն էլ այժմ ՀՀ Արարատի մարզում են) և այլ վայրերում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s