Վիզա

download

Վիզա (լատիներեն ՝ visus բառացի՝ այցելել), արտոնագրային փաստաթուղթ է, որը թույլատրում է մարդուն անցնել տարբեր երկրների սահմաններ։ Որպես կանոն վիզան տրվում է որպես մեկ այլ երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն։ Կան նաև «ելքի» արտոնագրեր, որոնք թույլ են տալիս մեկնել երկրից։ 
Որպես կանոն մուտքի արտոնագիր տրամադրում են տվյալ երկրում գտնվող այլ երկրների հյուպատոսարանները կամ դեսպանատները։ Երբեմն այս հարցով կարող են զբաղվել նաև հավատարմագրված վիզաներ տրամադրող կենտրոնները։  Սովորաբար վիզան տրվում է անձնագրի մեջ, որը նախատեսված է քաղաքացիների երկրից դուրս ճամփորդելու համար, սակայն որոշ դեպքերում այն կարելի է ստանալ այլ անձը հաստատող փաստաթղթի մեջ։ Որպես կանոն, վիզան իրենից ներկայացնում է կպչուն պիտակ, որը փակցվում է ստացողի անձնագրի մեջ, գոյություն ունեն վիզայի այլ ձևեր ևս, օրինակ՝ ներդիրներ, նամականիշներ, վիզային նամականիշներ, առանձին փաստաթղթեր և այլն։ Եվրոպական և Եվրամիության անդամ երկրներից շատերը օգտագործում են մուտքի վիզաներ՝ Շենգենյան համաձայնագրով պայմանավորված։ Մուտքի արտոնագրի վավերականության ժամկետը սահմանափակում է երկրում մնալու ժամանակահատվածը կամ երկիր մուտք գործելու թիվը և տարբերվում են՝ մեկանգամյա, կրկնակի և բազմակի մուտքի հնարավորություններով։ Արտոնագրերի տրամադրման համար պաշտոնական և դիվանագիտական վճարներից բացի, կարող են լինել նաև ներքին օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով հաստատված վճարներ։ ԱՄՆ-ում վիզային դիմումը ներկայացվում է DS-160 էլեկտրոնային ձևով։                                                  Առաջին հիշատակությունները բոլոր «ճանապարհորդական» կամ «արձակուրդային» փաստաթղթերի և ժամանակակից անձնագրերի նախատիպերի վերաբերյալ կարելի է տեսնել դեռևս Աստվածաշնչում ։ Միջնադարյան Եգիպտոսում երկիրը լքելու համար ներկայացվում էր «Ելքի վիզա»-անձնագիր («ջավազ»), որի մեջ պետք է նշված լինեին անգամ հեռացող ստրուկները։ Երկրների միջև վիզային ռեժիմի օգտագործումը սկսեց ակտիվանալ Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո, միգրացիայի սահմանապակման, երկրների անվտանգության, ինչպես նաև հակառակորդ երկրի գործակալների համար։ Դրանից առաջ վիզան ընդհանուր առմամբ կրում էր ձևական բնույթ, գրեթե բոլոր երկրներում վիզան տալիս էին սահմանային անցակետերում և օգտագործվում էին օտարերկրացիների գրանցման համար, ոչ թե երկիր մուտք գործելու սահմանափակումների։ Յուրաքանչյուր երկիր ունի վիզաների իր դասակարգումը, վիզաների կարգերը և անվանումները։ ՀՀ-ում գործում են մուտքի վիզայի հետևյալ տեսակները՝

  • այցելության մուտքի վիզա
  • պաշտոնական մուտքի վիզա
  • դիվանագիտական մուտքի վիզա
  • տարանցիկ մուտքի վիզա։

Իսկ ընդհանուր առմամբ վիզաները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • իմիգրացիոն
  • ոչ իմիգրացիոն

Իմիգրացիոն վիզան օտարերկրացիներին տալիս է տվյալ երկրում ապրելու և աշխատելու մշտական իրավունք։ Ոչ իմիգրացիոն վիզան տալիս է ոչ մշտական բնակության իրավունք որոշակի նպատակով պայմանավորված։

Ոչ իմիգրացիոն վիզա

  • Տարանցիկ վիզա – տրվում է կարճ ժամկետով, երկրի տարածքում ճանապարհորդելու նաև երրորդ երկիր մեկնելու համար։
  • Զբոսաշրջային վիզա – տրվում է սահմանափակ ժամանակահատվածով զբոսաշրջային ճանապարհորդություն կատարելու նպատակով։
  • Գործարար վիզա – տրվում է գործարարներին և անհատներին, առևտրային հարաբերություններ հաստատելու, բիզնեսով զբաղվելու, գործարար հանդիպումների և համաձայնագրեր կնքելու նպատակով տվյալ երկիր մեկնելու համար։
  • Աշխատանքային վիզա – տրվում է տվյալ երկրում աշխատելու նպատակով։ Սովորաբար վիզային այս ձևը ստանալը ավելի բարդ է, սակայն ի տաբերություն վիզայի այլ տեսակների այս տեսակի վիզաները կարող են տրվել բավականին երկար ժամկետով։
  • Ուսանողական վիզա – տրվում են անձանց, ովքեր գալիս են տվյալ երկիկր սովորելու նպատակով։
  • Դիվանագիտական վիզա – տրվում է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։
  • Լրագրողական վիզա- այս վիզայի ձևը պահանջվում է որոշ երկրների կողմից՝ Զիմբաբվե, Իրան, Կուբա, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, մասնագիտական գործունեության համար։  Էլեկտրոնային վիզա- այս վիզան ստանալու համար հայտը ներկայացվում է համացանցով, պահվում է հատուկ տվյալների բազայում և կցվում է անձնագրի համարին։

Իմիգրացիոն վիզա

  • Իմիգրացիոն վիզա – տրվում է այն անձանց, ովքեր մտադիր են ներգաղթել այլ երկիր։ Սովորաբար տրվում է մեկանգամյա մուտքի համար, հետո այդ վիզան ստացողը պետք է ստանա թույլտվություն տվյալ երկրում մշտական բնակություն հաստատելու համար, որից հետո մուտքերի և ելքերի քանակի սահմանափակում չի լինի։
  • Ընտանիքների վերամիավորման վիզա – տրվում է տվյալ երկրի քաղաքացիություն/մշտական բնակության իրավունք ունեցող անձի ընտանիքի անդամներին։
  • Ամուսնական վիզա – տրվում է հարսանիքի համար նախապես պլանավորված ժամանակահատվածից առաջ։
  • Ներդրումային վիզա – տրվում է այն անձանց, ովքեր մտադիր են տվյալ երկրի տնտեսության մեջ ներդրումներ անել։

Վիզաների տրամադրում

Վիզան տրվում է արտերկրում գտնվող համապատասխան երկրի (կամ մի խումբ երկրների) հյուպատոսարանների կողմից (երբեմն՝ մուտքի մոտ, սահմանային անցակետերում)։ Վիզային ռեժիմը միգրացիոն քաղաքականության արդյունավետ գործիք է, այն կարող է օգտագործվել նաև քաղաքական նպատակներից ելնելով։ Այնուամենայնիվ, գլոբալիզացիան, արտերկիր մեկնողների թվի կտրում աճը բարդացրել է ներգաղթողների թվաքանակի ճշգրիտ հաշվարկը, անգամ եթե վիզաները ձեռք են բերվում նախօրոք։

ՀՀ մուտքի վիզաների տեսակները

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիրը կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում:

Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիների համար մուտքի ռեժիմը օտարերկրյա պետություններ կարգավորվում է այդ պետությունների ներքին օրենսդրությամբ և ենթակա է փոփոխման դրանց համապատասխան: Այդ պատճառով ՀՀ ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր այցելությունից առաջ մուտքի ռեժիմի վերաբերյալ թարմ տեղեկատվությունը ստանալ այցելության երկրի արտաքին գործերի գերատեսչությունից կամ դիվանագիտական ներկայացուցչություններից:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (hանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, ՀՀ ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.

պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`

  • ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
  • ՀՀ պետական մարմինների կամ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
  • սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.

դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`

  • ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
  • պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
  • ոչ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.

տարանցիկ մուտքի վիզա` ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:

Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է «պաշտոնական» և «դիվանագիտական» մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ evisa.mfa.am: «Այցելության» և «տարանցիկ» մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է ՀՀ-ում գտնվելու ժամկետը, իսկ ՀՀ սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է ՀՀ-ում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված ՀՀ մուտքի ժամկետի հետ:
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Հրավեր

ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի /ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերն են` կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի։

կարող են ներկայացնել`
ա) ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք.
բ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

Ֆիզիկական անձինք հրավերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ ԱԳՆ ներկայացված հրավերին անհրաժեշտ է կցել նաև հրավիրվող անձի անձնագրի պատճենը և հրավերի ձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում՝ նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայագրի պատճենը: Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005162129:

Մուտքը Հայաստանի Հանրապետություն

Օտարերկրացիները* մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

Օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը ՀՀ, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետությունից ելքը

Oտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը

ՀՀ տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:

Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ ՀՀ տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:

Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու ՀՀ տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s