Սբ. Նշան Եկեղեցի
Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864թթ.: Եկեղեցին անվանվել է Սբ. Նշան 1870թ-ին: Այս մասին է ասում եկեղեցու հարավային և հյուսիսային մուտքերի վերնամասում փորագրված գրությունը: Սա հայկական ավանդական եկեղեցի է՝ կենտրոնցված գմբեթով և զանգակատնով:
Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել և ծառայել է սկզբում որպես պահեստ, իսկ հետո՝ թատրոն:
Եկեղեցին շատ է տուժել 1988թ-ի ավերիչ երկրաշարժից, հատկապես ավերվել էին գմբեթն ու զանգակատունը: Այն վերանորոգվել է վերջին տարիներին:
Խորհրդային տարիներին վանքը վերածվել է նաև աստղադիտարանի, որի բացմանը ներկա է եղել Վիկտոր Համբարձումյանը: Այդ աստղադիտարանի հետ կապված կա մի հետաքրքիր դեպք: Գնդաձև կայծակը գմբեթից մտնելով եկեղեցի՝ զգալի ավերածություններ է պատճառում այստեղ տեղադրված աստղադիտական սարքավորումներին, և կայծակի պատճառով թեքվում է գմբեթի խաչը: Աստղադիտարանը փակվելուց հետո այլևս չի վերաբացվում, իսկ խաչը հետագայում ուղղվում է և ստանում նախկին տեսքը:
«Յոթ վերք». Սուրբ Աստվածածին եկեղեցի
Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է նաև «Յոթ վերք» անունով՝ ի պատիվ Աստվածածնի սրբապատկերի, որը պահպանվում է եկեղեցում։
Սրբապատկերի հեղինակը համարվում է Ղուկաս Ավետարանիչը: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք, այնտեղից էլ Գյումրի:
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Դրանք աստվածամոր յոթ հոգեկան վերքերն են. Հիսուսի տաճարին հանձնելը, Եգիպտոս փախչելը, տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը, խաչը տանելը, Հիսուսի մահը խաչին, Հիսուսի մարմնի ստանալը, Հիսուսի գերեզման դնելը։
Եկեղեցու կառուցման պատմությունը
Մարիամ Աստվածածնի նկարը երկար ժամանակ պահվել է Ալեքսանդրապոլում: 1860թ-ի վերջին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են նկարը տեղափոխել քաղաքից: Գյումրեցիները չեն համաձայնվում որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է նկարը տեղափոխել Ալեքսանդրապոլ, եթե նոր եկեղեցի կառուցվի հատուկ այդ նկարի պահպանման համար: Ալեքսանդրապոլի բնակիչները կառուցում են նոր եկեղեցին և անվանում Սուրբ Աստվածածին:
Եկեղեցին գործել է նաև խորհրդային տարիներին: Դա եղել է Գյումրում միակ եկեղեցին, որը խորհրդային տարիներին կրոնական ծիսակատարություններ է մատուցել:
Ոչ միայն գյումրեցիները, նաև շատ մարդիկ Հայաստանի տարբեր վայրերից գալիս են այստեղ սրբապատկերը տեսնելու:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ եկեղեցու 2 գմբեթներն ընկել են, հետո դրանք փոխարինվել նորերով:
Ընկած գմբեթներն այսօր էլ գտնվում են եկեղեցու բակում՝ որպես հիշատակ ավերիչ երկրաշարժի: