Հովհաննես Թումանյան. «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին»
Քանաքեռի բարձունքից դեպի քաղաքի կենտրոն իջնելը «տևում» է ավելի քան կես դար. մայրաքաղաքի սրտում վեր է խոյանում հայ գրականության մեկ այլ նվիրյալի` Աբովյանից մոտ 60 տարով երիտասարդ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Նրանք կյանքում չեն հանդիպել, սակայն Թումանյանի հայտնի գրադարանում հայտնված առաջին գիրքը հենց Աբովյանի «Վերք Հայաստանին» էր։
Թումանյանն այն եզակի գրողն է, որին կարդում են բոլոր տարիքի մարդիկ` սկսած վաղ մանկությունից մինչև խոր ծերություն։ Թանգարանում հասկանում ես նաև, որ ավելի հեշտ է նշել այն ոլորտները, որոնցով նա չի զբաղվել, քան հակառակը։
Այս տուն-թանգարանում Թումանյանը թեև երբեք չի ապրել, սակայն այստեղ վերստեղծված է նրա թիֆլիսյան բնակարանների, այդ թվում` հայտնի Վերնատան մթնոլորտը` գրողի անձնական իրերով, կահույքով, գրադարանով, անգամ հենց իր` Թումանյանի «ներկայությամբ»։
Այո՛, հայ մտավորականների հավաքատեղի Վերնատանը քայլում, թերթ է կարդում ինքը` Հովհաննես Թումանյանը։ «Ժամի» հետ զրույցում թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանն ասաց, որ «Պատրանք վերնատանը» խորագիրը կրող 3D պատկերը շատ է ոգևորում երեխաներին: Տեսնելով սիրելի գրողին իրենց առջև կանգնած`նրանք խոսում են նրա հետ, ձեռքով անում։
Թումանյանի տանն, անշուշտ, ամենաուշագրավը նրա պատկառազդու գրադարանն է. գրողը հավաքել է մոտ 10 հազար գիրք։ Այժմ թանգարանում ցուցադրվում է նրա գրքերից 8150-ը, որոնցից միայն մոտ 2,5 հազարն է հայերեն։ Ընտանիքի անդամները հնատիպ, բացառիկ մի շարք գրքեր նվիրել են Երևանի Մատենադարանին, մի մասն էլ գրողն է նվիրել կամ տվել ընկերներին կարդալու, և նրանք չեն վերադարձրել։ Մի օր էլ, երբ նկատել է, որ գրադարանից շատ գրքեր են պակասում, քողարկել է պահարանների ապակիները, որպեսզի հյուրերը չգայթակղվեն ու գիրք չխնդրեն։
Մասնագետներն ասում են, որ Տոլստոյի, Գյոթեի և Թումանյանի գրադարաններն ամենահարուստը և բազմաբովանդակն են գրողների գրադարանների մեջ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ռուս և գերմանացի
հանճարներն իրենց նախնիներից ժառանգել էին գրքեր, իսկ Թումանյանը բոլորն ինքն էր հավաքել։ Գրադարանում կան հազվագյուտ հրատարակություններ, գրքեր գրեթե ամեն ինչի մասին` բնական և
հասարակական գիտություններ, արվեստ, կրոն, գեղարվեստական գրականություն։ Եվ գրեթե բոլոր գրքերի էջերում Թումանյանի նշումներն են։ Թումանյանը նաև կոլեկցիոներ էր ու տեխնիկական նորույթների սիրահար։
Օրինակ` ուներ երեք լուսանկարչական ապարատ, և դրանց շնորհիվ պահպանվել են մտավորականների, նրա ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարներ։ Մասնագետները նշում են, որ Թումանյանը հիանալի լուսանկարիչ էր։ Նա նաև հավաքում էր բազմաթիվ առարկաներ, որոնք բոլորը միանգամից ցուցադրելը պարզապես անհնար է, ուստի դրանք այցելուներին ներկայացնելու նպատակով թանգարանում հաճախ կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ։ Երբ մենք թանգարանում էինք, ցուցադրվում էր գրողի հանքաքարերի հավաքածուն. նա հետաքրքրված էր երկրաբանությամբ, ուզում էր, որ իր երեխաներից մեկը երկրաբան-գիտնական դառնա, որպեսզի Հայաստանի հանքերի ճակատագիրը հայ մասնագետների ձեռքում լինի։
Թումանյանը նաև մեծ գեղագետ էր. տան կահավորանքը, հագուստը, ամեն ինչ չափազանց գեղեցիկ էր։ Եվ այդ ամբողջ գեղեցկության վրա իշխում էր Թումանյանի կախարդական, իմաստուն խոսքը, որը վայելելու համար նրա տանն էին հավաքվում ժամանակի անվանի մտավորականները։ Թախտ, գորգ, բարձ, քառյակի թղթեր՝ տուփի մեջ. սա արդեն Թումանյանի արևելյան սենյակն է, որտեղ գրվել են նրա անկրկնելի քառյակները։ Նա համոզված էր, որ լուրջ բաներ դեռ չի գրել, դեռ նոր պիտի սկսի գրել։
Աղբյուրը՝ «ժամ» ամսագրից։