Էկոլոգիական լարվածություն առաջ բերող գործոնների ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տարածքի էկոլոգիական վիճակի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու համար։
Էկոլոգիական լարվածության գործոնները կարելի է ուսումնասիրել ու բնութագրել՝ ըստ էկոլոգիական միջավայրի, որն արտահայտվում է տարբեր բնակլիմայական գոտիներում ու սոցիալ֊տնտեսական պայմաններում։ Բնակլիմայական գոտիները, տարածվելով ծովի մակերևույթից տարբեր բարձրությունների վրա, ունենալով տարբեր կլիմայական պայմաններ, հողային ու բուսական ծածկույթ, ժողովրդական տնտեսություն, մասնավորապես գյուղատնտեսության ճյուղերի զարգացման տարբեր ուղղություններ, ունեն նաև էկոլոգիական լարվածություն առաջ բերող տարբեր գործոններ, արտահայտման բնույթ և աստիճան։
Լաբարատոր֊գերծնական պարապմունքների ժամանակ էկոլոգիական լարվածություն առաջ բերող գործոնները կարելի է ուսումնասիրել օգտվելով հողագիտական, երկրաբուսաբանական քարտեզների և ատլասների նյութերից։ Էկոլոգիական լարվածություն առաջ բերող գործոններն են՝ տարածքների թույլ խոնավապահովվածությունը, հողերի աղակալումը, ալկալիացումը, գերխոնավացումը, ճահճացումը, էրոզիոն պրոցեսների արտահայտվածությունը, մակերեսային հոսքերով ջրի կորուստը և տարածքի արիդացումը, հողերի ու ջրային ավազանի քիմիական աղտոտումը, ագրոլանդշաֆտների կառուցվածքի խախտվածությունը, հեղեղների ու սելավների արտահայտվածությունը, երաշտի ու խորշակների հաճախակի կրկնվելը, անբավարար ջերմապահովվածությունը, բուսածածկի դեգրադացումը և այլն։