«Բացահայտենք Լոռին» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 21-ին և 22–ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1–ին և 2–րդ կուրսի սովորողներս դասավանդողների հետ այցելեցինք Լոռու մարզ։
Սա մեր՝ Զբոսաշրջության բաժնի ուսանողներիս համար առաջին մասնագիտական ուսումնական ճամփորդությունն էր։ Դեռ ճամփորդությունից առաջ սկսել էինք ուսումնասիրել Հաղպատի, Սանահինի և Աղթալայի համալիրների պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները։ Այստեղ մեր աչքերով տեսանք այն ամենը, ինչի մասին կարդացել ու լսել էինք։
Օր առաջին
Ճանապարհորդությունը սկսեցինք Հաղպատից։ Երկար ճանապարհից հետո մեզ շատ ջերմ դիմավորեցին Հաղպատի դպրոցում։ Երբ տեղ հասանք, թեև շաբաթ օր էր, և դասեր չկային, բայց դպրոցի բակում մեզ էին սպասում ուսուցիչներն ու աշակերտները։ Ծանոթացանք, նրանց կրթահամալիրի կողմից նվերները փոխանցեցինք և շարժվեցինք դեպի Հաղպատի վանական համալիր։ Այնտեղ ծանոթացանք Հաղպատի պատմությանը։ Հաղպատի վանական համալիրի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու թագավորության տարիների հետ՝ Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի օրոք, «Խոսրովանույշ թագուհու հանձնարարությամբ՝ իր որդիներ Սմբատի և Գուրգենի արևշատության համար»։ Մի հետաքրքրական փաստ. Հաղպատի վանքում երկար տարիներ որպես կրոնավոր ապրել է մեծ բանաստեղծ և աշուղ Սայաթ֊–Նովան։ Ասում են՝ նա զոհվել է 1795թ՝ լինելով Հաղպատի վանքի պաշտպանների շարքում։ Հաղպատը 1996թ–ից գրանցված է UNESCO–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում՝ որպես բացառիկ ճարտարապետական համալիր։ Այս ամենը ուսումնասիրելուց և իհարկե նկարվելուց հետո շարժվեցինք Սանահինի վանք։Վանքը գտնվում է Լոռու մարզում, Ալավերդիում։ Սանահինի բակում բացվեց շատ գեղեցիկ տեսարան։ Այնտեղ իսկապես «ոսկե աշուն էր»։ Շարունակեցինք մեր բացահայտումներն արդեն Սանահինի վանքի մասին։ Թեև Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն, ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4֊րդ դարում։ Իմացանք, որ վանքի անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ։ Ըստ ավանդության՝ Սանահինը այդպես է կոչվել, քանի որ համարվել է Հաղպատից ավելի հին վանք։ Իմացանք նաև, որ Սանահինի վանքը կառուցել է Աշոտ Գ թագավորը՝ Խոսրովանույշ թագուհու պատվին։ Այնտեղ տեսանք Սբ․Աստվածածին եկեղեցին, ճեմարանը, գրատունը, Զաքարյանների դամբարանը և այլն։ Մեր հագեցած, բացահայտումներով լի օրն ավարտվեց։ Մեզ հյուրընկալեցին

Օր երկրորդ. Ախթալա
Առավոտյան շարունակեցինք մեր ճանապարհորդությունը դեպի Ախթալա։ Ճանապարհորդությունը սկսեցինք «Նուռիկ» զբոսաշրջության կենտրոն-թանգարանից։
Պարոն Վազգեն Խաչիկյանը ներկայացրեց զբոսաշրջության կենտրոնը, ապագա պլանները։ Ինչպես նաև այն ամենը ինչը կապված էր Ախթալայի ճարտարապետական համալիրի հետ։ Բարձրացանք բերդը, ուսումնասիրեցինք, իհարկե նկարվեցինք։
Դիտեցինք Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները. դրանք 11-13-րդ դարերի որմնանկարներ էին, որոնց մի մասը պահպանվել էին իրենց հրաշալի գույներով։
Ծանոթացանք նաև Աղթալայի դպրոցականների IMPUT երիտասարդական ակումբի անդամների հետ, և մեր ճանապարհորդությունը նրանց հետ շարունակեցինք դեպի Դեբեդ գետ։ Ուսանողուհիները մեզ պատմեցին Դեբեդ գետի մասին, ինչպես նաև այն մասին, որ այսօր գետը էկոլոգիական աղետի առաջ է կանգնած։
Միասին շատ լավ ժամանակ անցկացրինք, և երեկոյան շատ հոգնած, բայց միևնույն ժամանակ բարձր տրամադրությամբ եկանք տուն։