Ջուրը համարվում է կենսական պրոցեսների հիմքը, առանց ջրի կյանքը գոյություն ունենալ չի կարող։ Բույսերի 90%-ը կենդանի օրգանիզմի 75%-ը կազմում է ջուրը։ Ջուրը չի կարելի փոխարինել որևէ այլ բնական ռեսուրսով։ Մարդու, կենդանիների, բույսերի սննդառության պրոցեսը տեղի է ունենում ջրի մասնակցությամբ։
Ջուրը կարգավորում է արևի էներգիայով առաջացող թերմոդինամիկ պրոցեսների ռիթմը։ Այն բնական լանդշաֆտի արյունն է, երկրագնդի ռելիեֆը ձևավորող հիմնական գործոններից մեկը։ Ջուրն անհրաժեշտ է տնտեսական գործունեության բոլոր բնագավառներում։ Գյուղատնտեսական արտադրության զարգացման ուղղությունն ու մակարդակը որոշում է ջրային պաշարների առկայությունը
Կենդանական Աշխարհի Ուսումնասիրումն Ու Գնահատումը
Կենդանական աշխարհը կենսոլորտի կարևորագույն տարրերից է։ Բուսականության հետ միասին կենդանիները բացառիկ կարևոր դեր են խաղում քիմիական տարրերի տեղաշարժի գործընթացում։ Կենդանիները բույսերի կողմից սինթեզվող օրգանական նյութերի սպառողներ են, նրանք ակտիվ մասնակցություն ունեն նյութերի կենսաբանական և երկրաքիմիական շրջանառության ոլորտում։ Մեծ է կենդանիների դերը հողագոյացման պրոցեսում։ Կենդանիները բույսերի փոշոտիչներն են, սերմերի տարածողներ, մարդու սննդի և հումքի արտադրության աղբյուր։
Հայաստանի Հանրապետությունը հայտնի է իր ֆաունայի տեսակների բազմազանությամբ (17500 տեսակ)։
Բուսական Պաշարների Ուսումնասիրումն Ու Գնահատումը
Բուսականությունը մարդկանց, կենդանիների և մանրէների սննդի միակ աղբյուրն է․ այն հսկայական հումք է տալիս արդյունաբերության տարբեր ճյուղերին։
Բուսականության դերը մեծ է երկրագնդի ջրային ռեժիմի կարգավորման, էրոզիոն֊հեղեղային երևույթների կանխման գործում։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով խախտվել են բուսական ծածկույթի զարգացման օրինաչափությունները, և երկրագնդի երեսից սկսել են անհետանալ ոչ միայն բույսերի առանձին տեսակներ, այլև ամբողջ ֆիտոցենոզներ։
Հայաստանը աչքի է ընկնում բուսականության բազմազանությամբ, հազվագյուտ և ռելիկտային(Հնագույն ծագում ունեցող) տեսակների առկայությամբ։