«Լանդշաֆտ» բառը գերմաներեն է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր երկրի վրա՝ մեր շրջապատում։ Մինչև 20֊րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով։ Օրինակ՝ լճային լանդշաֆտ, անապատային լանդշաֆտ, մորենային լանդշաֆտ և այլն։
20֊րդ դարի սկզբին «լանդշաֆտը» աշխարհագրության մեջ ձեռք բերեց բնական տարածքային համալի իմաստ, որի տակ հասկանում են որոշակի տարածք, որը ծագումնաբանորեն միատարր է, ունի ուրույն բնական հատկանիշներ։
20֊րդ դարի 2֊րդ կեսին վերջնականապես ձևավորվեց գիտական մի ուղղություն, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը և կոչվում է Լանդշաֆտագիտություն։
Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք,ապարներ,ռելիեֆ,կլիմա,ջրեր,հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։Լանդշաֆտագիտության առանձնահատկությունն այն է, որ բնության բոլոր բաղադրիչները դիտում է միմյանց հենց սերտ կապված,փոխադարձ ներգործության և զարգացման ոլորտում։ Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջ լանդշաֆտը։
Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ։
Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։
Լանդշաֆտագիտությունը, ուսումնասիրելով բնական տարածքային համալիրները, ամենասերտ կապի մեջ է էկոլոգիայի հետ (ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և միջավայրի պայմանների փոխհարաբերությունները)։ Էկոլոգիայի գործոնները հենց իրենք լանդշաֆտի նյութական բաղադրիչներն են՝ երկրաբանական հիմքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողը, բուսականությունը, կենդանական աշխարհը։ Գոյություն ունի գեոէկոլոգիա (երկրաէկոլոգիա), որն ընդգրկում է ամբողջ երկրի միջավայրի և օրգանիզմների փոխհարաբերությունները։